«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանին մտահոգում է Ամերիկայի ու Ռուսաստանի պահվածքը, ինչը նախկին պատգամավորի տպավորությամբ, այնքան էլ չի արտահայտում պատերազմական գործողությունների վերսկսումը կանխելու նրանց շահագրգռվածությունը: «Եթե Միացյալ Նահանգները լուրջ շահագրգռություն ունենար՝ թույլ չտալ այստեղ պատերազմական գործողություններ, ինքը ունի ազդեցության բավարար լծակներ Ադրբեջանի ու Հայաստանի վրա եւ նաեւ Ռուսաստանը»,- Aravot.am-ին ասաց Ս. Սաֆարյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները հայկական դիրքերի վրա, միջազգային հանրության ռեակցիան՝ հնարավոր ռազմական գործողությունների հարցում, Ադրբեջանի փորձարկումների ու հաշվարկների մասին են խոսում. «Ադրբեջանական այս քայլերին ոչ թե պիտի սիմետրիկ պատասխան տրվեր, այսինքն՝ զոհի դիմաց զոհ, այլ ռազմական ագրեսիան պետք է արժանանար քաղաքական անհամաչափ պատասխանի: Բանակցություններն այլեւս պատերազմի կանխարգելիչ, զսպիչ դեր չեն կատարում: Ռազմական սիմետրիկ պատասխանները, չեմ ուզում ասել անարդյունավետ են, բայց խնդիրը չեն լուծում, եւ դրա հետ միասին Հայաստանը ցույց չի տալիս , որ քաղաքական եղանակով խնդիրը ինքը կլուծի»: