Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 8 » Այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը
22:13
Այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը


Երեկ երեկոյան սկսվել և այսօր տոնվում է Հարության կամ Զատկի տոնը: Երեկ երեկոյան Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվեց Մեծ Պահքը` եկեղեցիներում հաղորդություն ստանալուց հետո: 

Երևանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի Արքեմյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սբ. Հարության տոնի առավոտյան ևս հավատացյալ ժողովուրդը եկեղեցիներում կարող է ստանալ հաղորդություն:

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է` Զատիկ, «…քանզի Քրիստոս` մեր զատիկը, մորթվեց…»: 

Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:

Զատկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է Ճրագալույց: Զատկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը, որի ավարտին ընթերցվում են հատվածներ չորս Ավետարաններից, երգվում շարականներ, կատարվում է անդաստան, ապա սկսվում է Պատարագը: 

Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի:
Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: 
 


 
                                          
Կատեգորիա: Հետաքրքիր է իմանալը | Դիտումներ: 737 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: