Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 15 » Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածյալին կալանավորեցին (ֆոտոշարք)
22:14
Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանության մեջ կասկածյալին կալանավորեցին (ֆոտոշարք)


Այսօր՝ ապրիլի 15-ին ժամը 16.30-ի սահմաններում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Հարություն Սամվելի Սարգսյանը: Ինչպես դատարանից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը, ով կասկածվում է ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարելու մեջ:

Հ. Սարգսյանին ձեռնաշղթաներով դատարան բերեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ովքեր դիմակավորված էին և զինված:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդում է դատարանին, որպեսզի կասկածյալ Հ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Քիչ առաջ դռնփակ դատական նիստը ավարտվեց և դատավոր Ռուբեն Ներսիսյանը անցել է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Հ. Սարգսյանը ոստիկանության Անիի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 12-ին Գյումրիում՝ «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել էին հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Գ. Շամշյանին գյումրեցիները պատմել էին, որ սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` դստեր փեսացուն էր։

Վերջինս ԱՄՆ–ից նոր էր վերադարձել ու այդ օրը պետք է կայանար նրա ու Գյումրու քաղաքապետի դստեր նշանադրության արարողությունը։

Քիչ առաջ դատավոր Ռուբեն Ներսիսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը: Հ. Սարգսյանի փաստաբաններն են Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Հարություն Սարգսյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր հավաստի տեղեկություններով, օպերատիվ քննչական խումբը, որում ներգրավված են եղել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, 2-րդ վարչության և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության փորձառու աշխատակիցներ, արդեն ձեռք են բերվել թե՛ իրեղեն ապացույցներ, և թե՛ անհերքելի փաստեր։ Եվ եթե նման փաստերը հիմնավորված չլինեին, դժվար թե քննչական մարմինը դիմեր դատարան։

Դատարամնի բակում էին նաև կալանավորվածի հարազատները։

Լուսանկարները՝ Գ. Շամշյանի

Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 845 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: