Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Հակոբ Հակոբյանն անկեղծանում է. Մեզնից հեռու չի մարդ ծեծելը
21:07
Հակոբ Հակոբյանն անկեղծանում է. Մեզնից հեռու չի մարդ ծեծելը

Մենք նման չենք մի մարդու, որ ճնշվենք. ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»), ով Սեդրակ Սարոյանի (Գեներալ Սեյրան) հետ միասին առաջադրվել է թիվ 19 ընտրատարածքում: Հակոբ Հակոբյանի հետ անկեղծ զրույց ունեցանք, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Հակոբյան, Դուք Սեդրակ Սարոյանի դեմ աղմկահարույց փաստեր ի հայտ բերեցիք, ըստ որի նա տեւական ժամանակ բացակայել է Հայաստանից, բայց իրեն ԿԸՀ-ն գրանցեց որպես թեկնածու: Դրանից հետո սպառնալիքներ Ձեր եւ Ձեր մերձավորների նկատմամբ եղե՞լ են:

Դե ինքը պետք է հասկանա, թե իր դեմ ինչ ենք ներկայացրել, որ արձագանքի` ինքը չի հասկանում դրանից: Հասկանում է, որ մի բան տեղի է ունենում, բայց չի կարողանում մտքեր հավաքի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, իհարկե դրանք չկան: Մենք (նկատի ունի իրեն) նման չենք մի մարդու, որ ճնշվենք: Ընդհակառակը մենք միշտ ճնշում ենք եւ երբեք ճնշված չենք եղել: Մենք կարող ենք ճնշվել այն ժամանակ, երբ կատարենք որեւէ արարք մեր բնակիչների, ժողովրդի նկատմամբ: Մենք գնում ենք ընտրություններին պարզ ճակատով, ժողովրդի աչքերի մեջ նայելով:

Նշեցիք, որ Սեդրակ Սարոյանը չի հասկանում, թե իր դեմ ինչ եք ներկայացրել: Այսինքն այդքան ցա՞ծր եք գնահատում Սեդրակ Սարոյանի ինտելեկտը:

Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է ժողովուրդը գնահատի: Որպեսզի ժողովրդից առաջ չընկնեմ, դա թողնում եմ ժողովրդի գնահատականին: Իսկ ես ժողովրդի մեծամասնության գնահատականը կիսում եմ, անկախ այն բանից իմ համար ցանկալի գնահատական կտա, թե` ոչ:

Նախընտրական իրավիճակից գո՞հ եք: Եթե` ոչ, կներկայացնե՞ք, թե ինչից եք դժգոհ, ընտրակեղծիքների առումով նորամուծություններ կա՞ն, թե` ոչ:

Այդ հարցին անեկդոտով կպատասխանեմ: Մեկը գնում է տերտերի մոտ ասում է ես մի կնոջ հետ շնացել եմ: Տերտերը հարցնում է, թե չլինի՞ դա իմ աղջիկն ա: Տղան ասում է չէ: Տերտերը շարունակում է, թե չլինի՞ էն մյուս աղջիկն ա, բա չէ, էն մյուսը չէ, չէ, չէ: Վերջում տղան գնում ասում է` մեղքերի թողություն չտվեց, բայց մի 3-4 հատ լավ հասցե տվեց: Ուզում եմ ասել, ինչ օրինակ պետք է բերեմ, երբ մարդն ընտրությունների գնալուց գիտի, որ ինքը շանս չունի: Պետական ապարատն են գործի դրել օրենքները խախտելով, մարդկանցից դիմումներ են վերցնում, սպառնում, որ աշխատանքից կհեռացնեն:

Եվ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

Պետական ռեսուրսն ամբողջությամբ գնահատում եմ 6-7 տոկոս ընդամենը, իր հարազատներին գումարած եւս 10 տոկոս, 8 տոկոս էլ չհասկացող մարդկանց: Ընդհանուր կազմում ա 25 տոկոս: Մեծ սիրով ես այդ 25 տոկոսը կտամ իրեն:

Մարդիկ, որքան հայտնի են լինում, այնքան նրանց մասին չափազանցված պատմություններ են պատմում կամ բամբասանքեր տարածվում: Ձեր անձի շուրջ ի՞նչ նման խոսակցություններ են տարածվել:

Ես 49 տարեկան եմ, ծնվել, ապրում եւ ապրելու եմ այստեղ: Այդ տարիների ընթացքում հնարավոր է կատարած լինեմ այնպիսի գործեր, որոնք դուր եկած չլինեն իմ ժողովրդին եւ բացասական գնահատեն: Ես այսօր գնում եմ ոչ միայն ընտրվելու, այլեւ քննություն հանձնելու: Իմ ապրած կյանքը դրել եմ սեղանին եւ ասում եմ «Ժողովուրդ դուք գնահատեք»: Եթե դրական գնահատեց, ուրեմն ես կոգեւորվեմ, կասեմ ճիշտ եմ ապրել, իսկ եթե բացասական գնահատեց` ուրեմն մտածելու առիթ կունենամ:

Իսկ լեգենդներից, վերջերս գրել են, թե մեր թիմակիցները ծեծել են մի թեկնածուի շտաբականի, բայց դրանից հետո ոչ մի իրավապահ մարդ չի գալիս ասի, թե ինչու եք ծեծել: Հասկանում եմ, որ դա կարող է հորինված լինել մեր քաղաքական հակառակորդի կողմից, քանի որ տարբեր ժամանակներում նրանք նման բաներ են իրենց թույլ տվել: Հիմա ցանկանում ենք մեր քաղաքական մակարդակները հավասարեցնել, թե մենք էլ կարող ենք մարդ ծեծել: Մեզանից հեռու չի մարդ ծեծելը, բայց եթե կպնում են մեր արժանապատվությանը եւ մեր այն տեղերին, որը մեր ինքնասիրությանն է վերաբերում:

Ասացիք, որ բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Ձեր կատարած որեւէ սխալ քայլից փոշմանել եք:

Իհարկե, շատ կան: Ամենագլխավոր օրինակը, որ կարող էի ավելի շատ օգնել իմ ժողովրդին, բայց ավելի քիչ եմ արել: Իսկ քաղաքականությունից դուրս օրինակ, մի անգամ իմ տղայի վրա շատ խիստ բարկացել եմ, ապտակել եմ, բայց հետո տեսա, որ սխալվել եմ: Շատ զղջացի, որովհետեւ իմացա, որ նա այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունի:

Իսկ խոսքը ի՞նչ դեպքի մասին էր:

Դե փոքր դեպք էր: Իր անվան տակ մեկը անշնորք էր պահել իրեն, բայց հետո ես իմացա, որ իմ տղային չի վերաբերում: Մեկը գնացել իմ անունի տակ «Թաիրով»-ում հաց-մաց էր կերել դուրս էր եկել եւ ասել, թե Հակոբի տղան է ու ասել էր, թե փողը կբերեմ ու չէր տարել: Այնինչ` ես բարկացա, ապտակեցի իմ տղային, բայց պարզվեց, որ իմ տղան կապ չունի: Նույնիսկ այդ օբյեկտի տեղը չգիտի:

Ձեր տղային իզուր տեղը ապտակեցիք, բա էն մյուս տղայի հետ ի՞նչ եղավ:

Հետո մենք այն տղային գտանք, նա իմ մոտ աշխատող մատուցողներից մեկի տղան է եղել: Ասացինք, բացատրեցինք, որ չի կարելի, տղա ջան, նման բաներ անել: Դե բնական է, իմ տղայից ներողություն չէի խնդրի, բայց սրտիս խորքում հասկացա, որ վատ արարք չկատարած մարդուն պատժեցի:

 

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը


Կատեգորիա: Լուրեր,Նորություններ | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
Имя *:
Email:
     
     
Անուն *:
Email *:
Կոդ *: