«Սա վանդալիզմ է, նշանակում է, որ ով այս երկրում ինչ ուզենա, կարող է անել: Եթե որևէ մեկի մտքով անցնի Օպերայի տեղում էլ սուպերմարկետ սարքել՝ որևէ մեկը չի խոչընդոտելու»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա մասնակցում էր ի պաշտպանություն Փակ շուկայի մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած հավաքին Փակ շուկայի հարևանությամբ:
Դառնալով Փակ շուկայի ճարտարապետական արժեքին` Ս. Սաֆարյանը նկատեց. «Անթույլատրելի է պետական մարմինների նման վերաբերմունքը Փակ շուկայի հանդեպ՝ որպես ճարտարապետական, պատմամշակութային արժեքի: Հիշում եմ ԱԺ-ում այն սարսափելի պատասխանը, որ տվեց մշակույթի նախարարը, թե 21-րդ դարին բնորոշ պայմաններում պետք է առևտուր անել: Այդպիսի մարդկանց միայն մի բան կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու նման արժեքներից: Երևանում արդեն կառուցել եք բազում սիթիներ, այս կոթողի հետ գործ չունեք»:
Ս. Սաֆարյանը հատկանշական է համարում այն, որ այս ամենը կատարվում է ընտրություններից հետո և շեշտում. «Կառավարություն կարծես թե չկա, և նոր կառավարություն պիտի լինի, քաղաքաշինության նախարարը ԲՀԿ-ից է և այս պահին հեռացող նախարար է: Փաստորեն, այժմ կա թույլ գերատեսչական հսկողություն»:
Պարոն Սաֆարյանը տեղի ունեցածը համարում է հանցագործություն և դիմել է ՀՀ ոստիկանություն: Նա վստահեցնում է, որ շարունակելու է պայքարը հանուն շուկայի: Մեր այն հարցին՝ պայքարելու են ընդդեմ իշխանությունների պաշտպանությունն ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանի՞, ով ցանկանում է շուկայի տեղում ամենամեծ «Yerevan City» սուպերմարկետը կառուցել,Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Այս պահին թիրախը նա չէ, այլ պետական մարմինները՝ ի դեմս մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների: Ակնհայտ է, որ անգամ երեկվա աղմուկի կապակցությամբ որևէ հայտարարություն էլ չեղավ, այնինչ պատկան մարմինները պատավոր էին դատապարտել»:
Նկատենք, որ ոստիկանության աշխատակիցներն այսօր Փակ շուկայի շրջակայքում հսկողություն էին իրականացրել, իսկ ի պաշտպանություն Փակ շուկայի հավաքված քաղաքացիները նշում էին, թե ավելի լավ կլիներ ոստիկանությունը նման հսկողություն իրականացներ այն անձանց նկատմամբ, որոնք երեկ գիշերվանից քանդում էին Փակ շուկան:
Մինչ ակտիվիստները հավաքվել էին ի պաշտպանություն փակ շուկայի՝ շուկայի հարևանությամբ ապրող բնակիչները դեմ դուրս եկան ակտիվիստներին՝ նախատելով, թե ինչու են խանգարում և թույլ չեն տալիս, որ շուկան սարքեն, որ իրենք էլ աշխատանք ունենան: Նրանք նշում էին, որ տարիներ շարունակ դա եղել է «աղբանոց, խոլերայի բուն»:
Կատարվածին Ս. Սաֆարյանը տվեց հետևյալ գնահատականը. «Փաստորեն, իրականացվում է իշխանությունների այն սցենարը, որ քաղաքացիների մի խմբին հանեն մյուսի դեմ: Իսկ եթե իրավիճակն այդպիսին է, թող հարցը դրվի հանրաքվեի և Երևանի բնակիչները որոշեն հարցը»:
Ակտիվիստներն Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք շարունակելու են գտնվել Փակ շուկայի հարևանությամբ այնքան ժամանակ, մինչև արժանանան որևէ չինովնիկի «գթասրտությանը»: