14:13 Ինչպես խնայել վիշապի տարում | |
Իրականում տարին կամ համաստեղությունը կապ չունի: Կարևոր է խնայողությունների մասին մտածել տարվա հենց սկզբից: Առհասարակ ԽՆԱՅԵԼ նշանակում է կրճատել ոչ խելամիտ ծախսերը` հօգուտ ապագա խելամիտ ծախսերի (ոչ թե սովամահ լինել iPhone գնելու համար): 1. Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է խնայել, պետք է գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում: Ինչքան եք վաստակում և ինչքան եք մտադիր խնայել յուրաքանչյուր վարձատրությունից (սովորաբար աշխատավարձից): Մարդիկ ավելի հաճախ մտովի նվազեցնում են իրենց ծախսերը: Երբեմն նաև այս պահին կատարում են ոչ հրատապ կամ ոչ անհրաժեշտ ծախսումներ` ապագայում ավելի շատ խնայելու ինքնախոստումով, որը, սակայն, մոռանում են: 2. Կախեք/անջատեք հեռախոսը: Խոսքը ոչ միայն անիմաստ երկար խոսակցությունների մասին է, այլև մի քանի հեռախոս ունենալու: Եթե առանձնապես կարիք չկա մի քանի հեռախոս պահելու, ապա կրճատեք դրանց քանակը: Խնայողությունների լավ տարբերակ է նաև կաբելային հեռուստաալիքների թվի կրճատումը, քանի որ, համոզված եմ, որ ցանկացածս դիտում ենք առավելագույնը 20-25 ալիք: 3. Գնահատեք իսկական կարիքները: Օրինակ, եթե ունեք տունը ջեռուցելու խնդիր, ապա պարտադիր չէ անհավանական տոկոսային ՕԳԳ ունեցող կաթսա գնել: Ձեր բնակարանը փոքր է, տեղաբաշխված այնպես, որ նույնիսկ ձմեռները առանց ջեռուցման տաք է լինում, ապա կարող եք ուղղակի փոքրիկ ջեռուցող սարք ձեռք բերել, ինչը էական խնայողություն կլինի: Կարող եք որոշ ծառայություններից օգտվել ինտերնետով, անջատել հեռուստացույցը, ջուրը և այլ պարագաներ, որոնցից տվյալ պահին չեք օգտվում: Կենցաղում խնայելու շատ մեթոդներ կան: 4. Սուպերմարկետ` ցուցակով: Այցելեք սուպերմարկետ նախօրոք կազմված ցուցակով: Արդյունքում միանգամից կնվազի անիմաստ գնումների քանակը: 5. Կերեք լավ, խնայեք լավ: Գնեք այնքան, որքան ուտելու եք: Մի գնեք ավելորդ կերակուրներ կամ պահածոներ: Բացի այդ տանը եփելը մի քանի անգամ ավելի էժան է դրսում սնվելուց: Ճիշտ սնունդ օգտագործելով` ապագայում կխնայեք նաև դեղերի և բժիշկների վճարների վրա: 6. ԱՊՊԱ: Շատ պարզ է: Ինչքան լավ վարորդ լինեք, այնքան քիչ կվճարեք, առավել ևս երբ Բոնուս-Մալուս համակարգը ներդրվի: Դրա շնորհիվ այն վարորդները, ովքեր քիչ պատահարներ են ունեցել կամ չեն ունեցել, ավելի քիչ ապվճարները կվճարեն: 7. Մանր-մունր: Խուսափեք մանր-մունր բաներ գնելուց: Հատկապես մեծ խանութներում կամ սուպերմարկետներում: Ապրանքների արժեքը առանձին-առանձին մեծ չէ, բայց ընդհանուր հաշվարկներով դրանց տոկոսը գնումների մեջ կազմում է մոտ 30%: Իսկ եթե դրան տաք նաև թվային արժեք, կպատկերացնեք, թե ինչքան կարելի է խնայել: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |